Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում, նախ և առաջ, ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա. «Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում:
Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ:
Մարզպետ Հովիկ Աբովյանն, իր հերթին, զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր: