Արմինֆո. Իրանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հուլիսի 21-ին Երևանում այդ մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Էհսան Խուշմանդը:
Նրա ասելով, Թեհրանը նաև ցանկանում է ավելի լայն ներգրավվածություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը թույլ կտա կարճ ժամկետում կանխել զինված բախումը` ճգնաժամ ծագելու դեպքում, և նպաստել լարվածության թուլացմանը տարածաշրջանում:
Այդ համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորմամբ: Խուշմանդը կարծում է, որ տարածաշրջանային առաջնորդներն ի զորու են կայացնել խելամիտ և կշռադատված որոշումներ, որոնք թույլ տան այդ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: «Իրանը նաև ցանկանում է, որպեսզի որոշ տարածաշրջանային պետություններ, որոնք առնչություն չունեն հակամարտության հետ, չխառնվեն դրան», - ամփոփել է փորձագետը: