Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը: «ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում դատապարտվել է 2013 թվականին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ ավտոբուսին նրա վարած «ԿամԱԶ» բեռնատարի բախման հետևանքով 18 մարդ էր զոհվել: