Արմինֆո. Ադրբեջանական դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Անգամ դատարանի դահլիճում Արցախ այցելելու համար հրապարակային «զղջումը», ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի շահերի շրջանակում կարգավորելու անհրաժեշտության մասին հայտարարությունը բլոգերին չեն օգնել խուսափել ադրբեջանական «արդարադատությունից»: Թեև, հնարավոր է, Լապշինի «զղջումը» նրան օգնել է մեղմել պատժաչափը, քանի որ ավելի վաղ դատախազը նրա համար պահանջել էր 6,5 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել Արցախ այցելելուց հետո: Հետագայում նրան Բելառուսում ձերբակալել էին և արտահանձնել Ադրբեջան: Իրավիճակը շտկելու Ռուսաստանի և Ուկրաինայի (Լապշինը Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի է) ԱԳն-ների փորձերն ապարդյուն անցան: