Արմինֆո. ԼՂՀ Պաշտպանության բանակը եղել և միշտ կլինի Արցախում՝ այն պարզ պատճառով, որ այն պետք է պաշտպանի սեփական հայրենիքի անդորրն ու խաղաղությունը: Այդ մասին հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արցախից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի այսօր արած հայտարարությանը:
Շարմազանովի խոսքով, Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը բացահայտ աջակցող պետությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անելու բան չունի: «Զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Անհեթեթ հայտարարություններով հանդես գալու փոխարեն ավելի լավ է Կիպրոսն ազատեք օկուպացիայից»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ հուլիսի 19-ին Բաքվում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականութան վերականգնումից և Հայաստանի կողմից գրավված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումից հետո: Թուրքիան Ադրբեջանի կողքին է»: