Արմինֆո.Հայաստանն իր վերաբերմունքն է հայտնել ռազմավարական գործընկերության վերաբերյալ հայ-լատվիական հռչակագրի առնչությամբ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում տարակուսանք է հայտնել նման բովանդակությամբ հռչակագրի ստորագրման առնչությամբ: «Ես՝ որպես հայ-լատվիական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, տարակուսանքս եմ հայտնում մեր եվրոպացի գործընկերներին Ադրբեջանի և Լատվիայի միջև համատեղ հռչակագրի ստորագրման առնչությամբ, քանի որ Եվրամիությունն առաջին հերթին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման երաշխավոր է: Իսկ եթե դու դավանում ես այդ արժեքները և միաժամանակ ռազմավարական հուշագիր ես ստորագրում ավտորիտար, մարդու իրավունքների պաշտպանությունից հեռու երկրի հետ, ինքնաբերաբար կասկածի տակ ես դնում սեփական հեղինակությունը»,- համոզված է փոխխոսնակը:
Միաժամանակ Շարմազանովը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի և Լատվիայի ղեկավարների հանդիպման ժամանակ հնչած գնահատականների առնչությամբ: Նա հիշեցրել է, որ Լատվիան Եվրամիության անդամ երկիր է և գոնե պաշտպանական դիրքորոշումների մեջ պարտավոր է հավատարիմ մնալ ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը: ԱԺ փոխնախագահ տարակուսանք է հայտնել, որ հուշագրում Լեռնային Ղարաբաղի մասով խոսք անգամ չկա ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: «Այս հանգամանքն առնվազն տարակուսանք է հարուցում»,-ասել է Շարմազանովը:
Նշենք, որ հուլիսի 17-ին Ադրբեջանի նախագահի Ռիգա այցի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Լատվիայի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստրագման արարողություն, որում տեղ են գտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Այսօր ստորագրված փաստաթղթերը շատ կարևոր են: Հատկապես կուզեի նշել Ադրբեջանի և Լատվիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը: Ինչպես և դուք նշեցիք, Լատվիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, կարող եմ ասել, որ այդ հարցը աջակցվում է ողջ աշխարհի կողմից: Այս հռչակագրում տեղ են գտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված շատ կարևոր հարցեր: Նշվում է, որ այդ հարցը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության շրջանակներում: Դա արդարացի դիրքորոշում է, ես երախտապարտ եմ ձեզ այդ դիրքորոշման համար»,- ասել է Ալիևը՝ հանդես գալով Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ հայտարարությամբ: