Արմինֆո.Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի չորրորդ դեմքը կամ ծանոթ չէ հարցի պատմությանը, կամ դրսևորում է բարձրաստիճան գործիչի համար ոչնչով չհիմնավորված համառություն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Հուլիսի 17-ին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհել` հանուն հայ վարորդների «իրավունքների»: Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման անհրաժեշտության հարցը բարձրացրել էր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը` Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ:
«Չէ որ նման նախաձեռնությունների մասին արդեն բարձրաձայնել էր Դմիտրի Կիսելյովը: Եղել են նաև այլ նմանօրինակ «գաղափարներ», որոնք անխուսափելիորեն մերժվել են հայ հասարակության շրջանում: Իսկ Հայաստանի քաղաքական գործիչների լռությունն ակնհայտորեն այն դեպքը չէ, երբ լռությունը հավասարազոր է համաձայնության: Թեմային ծանոթ ցանկացած ոք հասկանում էր, որ գաղափարը չի ընդունվի, այլ կհարուցի անտեղի զայրույթ», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, Բաքվին ռուսական զենքի մատակարարման, Ղարաբաղում ողբերգական միջադեպերի տեսքով այլ գործոնների հետ միասին Վոլոդինը նման նվեր մատուցեց «Ռուսաստանի բոլոր բարեկամներին», ինչի ֆոնին Պետական դեպարտամենտը, պարզապես, կարող է արձակուրդ գնալ: Ընդ որում, նրա կարծիքով, Վոլոդինի նախաձեռնությունը հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի խնդիր չի լուծում, չի ամրապնդում Ռուսաստանի հանդեպ հավատը, չի մեծացնում Ռուսաստանի ներկայությունը Կովկասում և Ղարաբաղում:
«Մինչդեռ, Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անցումից հետո Ազգային ժողովը շատ կարևոր հարթակ է` Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, որտեղ Ռուսաստանի Դումայի խոսնակը կարող էր աշխատել: Օրինակ` երիտասարդ հայերին առաջարկելով ռուսական ծրագրեր` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում լավ աշխատանքի տեղավորման, ապագա աճի հեռանկարով: Սակայն Ռուսաստանում «փափուկ ուժն», առաջվա նման, լեզվից և խորհրդային կարոտախտից այն կողմ չի անցնում: Հատկապես` Հայաստանում, որտեղ բնակչության 98%-ը հայ է», - ամփոփել է Մարկեդոնովը:
Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, որը ՌԴ տարածքում թույլ է տալիս աշխատել ԵԱՏՄ այն երկրների վարորդներին, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ: Արդյունքում, հայաստանցի վարորդները զրկվեցին աշխատանքից ՌԴ-ում: