Արմինֆո. Հունիսի 10-ից սկսած «Արվեստը բոլորի համար» նախագծի կրթական ծրագրերին մասնակցեց Կոտայքի ՍՕՍ Մանկական Գյուղի 36 երեխա (6-16 տ.) տարբեր տարիքային խմբերով։ Խմբերին համապատասխան ընտրվել էին «Փազլ, ուրվագիծ, նկարագրություն», «Իմ տունն իմ ամրոցն է», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ», «Կռահիր նկարը» ծրագրերը (յուրաքանչյուր խումբ մասնակցեց երկու ծրագրի)։
«Ռոստելեկոմը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ 2016թ․ վերջից իրականացվում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրերին մասնակցում են խնամքի կենտրոնների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող և այլ խմբերի երեխաներ։
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերությայն մամուլի ծառայությունից, կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։
Ծրագրի մեկնարկին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և ընկերությունների պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նմանօրինակ ծրագրերը։
Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով՝ մասնագետները նախադպրոցականների և դպրոցականների համար իրականացնում են կրթական հիմական չորս ծրագիր, որոնք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը:
Նշենք, որ 2001թ.-ին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ: 2009թ.-ին Իջևանում բացվեց Հայաստանի երկրորդ ՍՕՍ Մանկական գյուղը: Ներկայումս ՍՕՍ Մանկական Գյուղեր ՀԲՀ գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանիքների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ՝ միևնույն ժամանակ զբաղվելով Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմամբ՝ շահերի պաշտպանության ազգային ծրագրերի իրականացման միջոցով:
Նշենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: