Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը վերահսկող հանձնախմբի նիստի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես շեշտադրվել են Փոխըմբռնման հուշագրի կետերով նախանշված գործողություններն ու դրանց իրականացման ժամկետները:
Փաստաթղթի շրջանակներում իրանական կողմն անդրադարձել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արաքս գետի աղտոտման խնդրին և կեղտաջրերի շրջանառու փակ համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերվող հարցերին։
«Ջրային ռեսուրսների կառավարման հարցերը չեն կարող սահմանափակվել մեկ աղտոտման աղբյուրի առկայությամբ` փաստելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ձևավորվող ջրային ռեսուրսների մեծ մասը թափվում է Արաքս գետ, ինչը հարևան երկրների կողմից օգտագործվում է ոռոգման և այլ նպատակներով, որն էլ խիստ ուշագրավ է տարածաշրջանում քաղցրահամ ջրի սակավության ֆոնին», - նշել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը:
Վկայակոչելով ջրի որակի մոնիթորինգի տվյալները` նախարարի տեղակալը կարևորել է նաև մոնիթորինգային աշխատանքային խմբի կողմից Հայաստանին ոչ սահմանակից հատվածում աղտոտման աղբյուրների և ջրառի ծավալների ուսումնասիրության խնդիրը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև էկոհամակարգային ծառայությունների միջազգային ընդունված փորձին, ինչպես նաև քննարկել են Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքում միջագային դոնոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին կարևորել է ընդունված ծրագրի իրականացումը և իրանական փորձի ուսումնասիրման նպատակով Հայկական պատվիրակությանը հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչի հիման վրա հետագայում առավել իրատեսորեն կմշակվի փակ համակարգի ներդրման տեխնիկական, ֆինանսավորման և ժամկետների հարցերը։
Հիշեցնենք, որ 2012 թ. մարտին Իրանն ու Հայաստանը որոշում են կայացրել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Արաքս գետի աղտոտվածության մակարդակի հետազոտությունների համար: Որոշումը կայացվել է Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի ղեկավար Ջավադ Մոհամադիզադեի և Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանդիպման ընթացքում: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբի ստեղծման մասին, որ հայտնաբերեն և կանխեն աղտոտման աղբյուրները Արաքսի երկու ափերին:
2014 թվականին Թեհրանում կայացած հանդիպմանը Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդգծել է, որ
կեղտաջրերի մուտքը Արաքս գետ կանխելու նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում արդիականացման աշխատանքներ են կատարվել և համապատասխան ներդրումներ արվել: «Այցի ընթացքում իրանական կողմի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել: Ներկայում համատեղ աշխատանքային խումբ է գործում, որը Արաքս գետի ջուրը յուրաքանչյուր ամիս անալիզի է ենթարկում և զեկուցում կատարված աշխատանքների վերաբերյալ»,-ավելացրել է նախարարը: ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն իր հերթին հայտնել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվել, որի համաձայն՝ հայկական կողմը պղնձամոլիբդենային գործարանի կեղտաջրերը զտող սարքավորումներ կտեղադրի, որպեսզի դրանք չթափվեն Արաքս գետը: