Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինետգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ գործունեության առաջնահերթություններին և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀԱՊԿ գոյության 15 տարում և Հավաքական անվտանգության պայմանագրի գործողության 25 տարում այդ կազմակերպությունում ստեղծվել են անդամ պետությունների անվտանգության, անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման գործուն մեխանիզմներ:
Խաչատուրովի խոսքով, առանց ազգային խորհրդարանների ակտիվ մասնակցության, բարդ է լուծել անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը, որոնք ապահովում են ՀԱՊԿ ձևաչափում գործելու իրավական շրջանակները»,- ասել է նա: Նրա կարծիքով, կարևոր խնդիրներից մեկը ՀԱՊԿ դրական իմիջի ձևավորումն է միջազգային ասպարեզում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գնահատական է տվել նաև ՀԱՊԿ անվտանգության գոտում ռազմաքաղաքական իրադրությանը և միջազային ու տարածաշրջանային անվտանգության ակտուալ խնդիրներին: Նա նշել է, որ, ցավոք, միջազգային քաղաքականությունում հաստատվում է «ուժեղի իրավունքը»: «Որոշ արևմտյան երկրների քաղաքականությունում այսօր գերակշռում է իրենց իշխող դիրքն ամեն գնով պահպանելու ձգտումը: Մրցակիցների չեզոքացմանն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր, ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում՝ «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»,-ասել է Խաչատուրովը: