Արմինֆո. Ադրբեջանը քննարկում է Ռուսաստանից զենքի լրացուցիչ խմբաքանակի գնման հնարավորությունը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում:
«Մենք արդեն լրացուցիչ ուսումնասիրում ենք սպառազինության որոշ նմուշներ, հարցում անում, փորձարկում: Զենքի գնումը բազմակողմ հարց է: Մի կողմից՝ անհրաժեշտ է խուսափել շաբլոնից, մյուս կողմից՝ բազմազանությունը սպասարկման խնդիրներ է ստեղծում: Դա շատ բարդ հարց է»,- ասել է Հասանովը:
Նշենք, որ հուլիսի 10-ին հայտնի է դարձել, որ ռուսական արտադրության նորագույն մարտական միջոցների հերթական խմբաքանակն է մատակարարվել Ադրբեջան: Բաքվի նավահանգիստ են ստացվել մեծ քանակությամբ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորում՝ նախատեսված մարտական միջոցների, ինժենարական կառույցների, կենդանի ուժի և հակառակորդի այլ օբյեկտների համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ճշգրիտ խոցման նպատակով: Տեղեկատվության համաձայն, մատակարարված սպառազինության թում Է՝ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգը:
Հունիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի և հաջող զարգացող ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է նորագույն ռազմատեխնիկայի պլանային մատակարարում: «Բաքվի նավահանգիստ ստացված ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս կուղարկվի ճակատամերձ գոտի: Այդ սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի առաջավոր ստորաբաժանումների՝ հակառակորդի զրահատեխնիկայի, ինժեներային և ֆորտիֆիկացիոն կառույցենրի, կենդանի ուժի և այլ օբյեկտների խոցման մարտական և մանյովրային հնարավորությունները: Ադրբեջանին ռուսական տեխնիկայի և սպառազինության մատակարարումը կշարունակվի»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: