Արմինֆո. Երևանի քաղաքապետրանը կրկին հանդես է եկել SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխության առնչությամբ հայտարարությամբ:
«Հուլիսի 7-ին «Փարկինգ Սիթի Սերվիսե ՓԲԸ-ի տարածած հայտարարությունն առ այն, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել, տեղիք տվեց հակասական մեկնաբանությունների։ Թեև արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, և խնդիրը վերաբերում է վճարման ձևաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երևան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Տեղեկացնում ենք, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։ Միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։ Հաշվի առնելով գործընթացում ներգրավված կողմերի պատրաստակամությունը` լիահույս ենք, որ խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա և վերջնական արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին «Փարկինգ Սիթի Սերվիսն» իրազեկել է վարորդներին. «01.08.2017թ. սկսած՝ 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս Ձեր հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ: Ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար օգտվեք վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից: 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս Ձեր հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ միջնորդավճար և 123.4 դրամ ԱԱՀ»,- նշվում է հաղորդագրությունում: Այնուհետև հաջորդել է բջջային կապի օպերատորների արձագանքը: Մասնավորապես, Beeline-ը տեղեկացրել է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել։ Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում, ընկերությունը նաև հանդես չի եկել որևէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձևի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու։
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում, այդ առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ, նշում է աղբյուրը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթե,-ասված է հաղորդագրության մեջ: