Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թևակոխել է մի նոր փուլ, - Ադրբեջանը համառորեն հրաժարվում է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, միաժամանակ պարբերաբար սրելով իրավիճակը շփման գծում և իրականացնում դիվերսիոն հարձակումներ: Հուլիսի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, վերջին հուլիսյան իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքում ճիշտ է յուրացրել Երրորդ ռեյխի դասերը և սեփական ժողովրդին օգտագործում է որպես կենդանի վահան:
Շարմազանովն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Բրյուսելում կայացած հանդիպմանը և առանձնացնելով երեք կետ: Մասնավորապես, համանախագահները վերահաստատել են բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման անհրաժեշտությունը, իսկ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ առանց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման չի կարելի արձանագրել առաջընթաց, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը և հրաժարվում իրականացնել նշված պայմանավորվածությունները: «Ելնելով նշվածից, գտնում եմ, որ հայկական կողմը պետք է շարունակի հավատարիմ մնալ կոշտ դիրքորոշումը: Հիշեցնեմ, որ Հայաստանի նախագահը իր մայիսի հայտարարության մեջ ընդգծել էր, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն մասին, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հիման վրա: Մյուս կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է փնտրեն Ադրբեջանին համոզելու կամ ճնշումներ կատարելու ուղիներ, պայմանավորվածությունների իրագործման համար», - ասել է փոխխոսնակը:
Շարմազանովն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների Ստամբուլում կայացած հանդիպմանը, քանի որ հակամարտության սրման նգործում անմիջական դերակատարություն ունի Թուրքիայի իսթեբլիշմենտը, ի դեմս Էրդողանի: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում Թուրքիան հանդես եկավ 4 հայտարարություններով, որոնցում իր անվերապահ աջակցությունն արտահայտեց Բաքվի ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ: «Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, ընդ որում, առանցքային պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի
ամբողջական իրականացումը: Տարածքային ամբողջականության սկզբունքը հակամարտության հետ ոչ մի կապ չունի, քանի որ Ղարաբաղը երբեք, ոչ մի վայրկյան, չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Մենք շարունակելու ենք պնդել, և կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի ճնշում գործադրվի Բաքվի վրա, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու համար», - եզրափակել է Շարմազանովը: