Արմինֆո.Ադրբեջանի ներկայացուցիչները, հերթական անգամ չարաշահելով Արևելյան գործընկերության հարթակը, գործընկերության շրջանակներում համագործակցության մասին խոսելու փոխարեն, հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով: Այդ մասին Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ արձագանքելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի հայտարարություններին:
«Մեր տարածաշրջանի անվտանգությունը շարունակում է վտանգված մնալ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ուժ կիրառելու Ադրբեջանի մշտական սպառնալիքների պատճառով: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամաստաբ ռազմական ագրեսիա կիրառեց Արցախի նկատմամբ, ինչն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ բարբարոսությամբ: Բացի այդ, հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունըւ կրկին ահաբեկչական կազմակերպությունների մեթոդներով, շարունակեց սեփական ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործել՝ թուրքական արտադրության TR-107 հրթիռահրետանային կայանքից ղարաբաղյան դիրքերը գնդակոծելու համար: Արցախի Պաշտպանության բանակն ստիպված էր պաշտպանվել և պատասխանել ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին»,- ասել է Նալբանդյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի պահպանում
1994-95 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում միջազգային պարտավորությունները, հրաժարվում է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածութունները՝ հատկապես առաջնագծում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու մասով, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատվություն կրում սեփական սադրանքների հետևանքների համար: