Արմինֆո.ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասկածի է ենթարկել ՀՀ Գլխավոր դատախազության աշխատանքի արդյունավետությունը:
«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ օգտագործելով «քուանշ» տերմինը, որ «բլոտ» խաղի մեջ կիրառվում է՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: Պատգամավորի խոսքով, անվստահության համար հիմք են հանդիսանում մինչ այժմ երկրի իրավապահ մարմինների կողմից չբացահայտված բազմաթիվ գործերը: Այսպես, նրա խոսքով, մինչև այժմ չբացահայտված են մնում է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի փաստով գործերը, երբ մարդիկ զոհվեցին: Նաև «Սասնա ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանի դեպքում, ով մահացավ մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում, մինչ այժմ մեղավորներ չկան: Մինչդեռ, ինչպես գտնում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ հիմնավորված չի եղել Արթուր Սարգսյանի մոտ պատիժ կրելու հետ անհամատեղելի հիվանդությունների առկայությունը: «Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հստակ պատասխան կտա Արթուր Սարգսյանի մահվան առնչությամբ»,- ասել է գլխավոր դատախազը:
Միաժամանակ արդարադատության նախկին նախարար, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը գտնում է, որ գլխավոր դատախազը որևէ գործով բացատրություններ տալու իրավունք չունի: «Փորձ էր արվում թերություն գտնել գլխավոր դատախազի աշխատանքում: Եթե խոսում ենք նրա անկախությունից, ապա պետք է հասկանանք, որ դատախազն ազատ է նաև պատգամավորներից: Դատախազն իրավունք չունի բացատրություններ տալու, թե ինչու է այդպես վարվել: Գլխավոր դատախազը որևէ գործով բացատրություն տալու իրավունք չունի: Եթե քաղաքական նման մշակույթ չունենանք, պետք է օրենսդրորեն ամրագրենք, որ կոնկրետ գործի վերաբերյալ հարցեր չպետք է տրվեն»- ասել է Թովմասյանը: