Արմինֆո.Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գիշերը տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին անվտանգության տարրերի ամրապնդման կարևորությունը, հուլիսի 5-ին «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել. Մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, գիշերը տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման աճող սպառնալիքը: Նրա խոսքով, Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: «Խոսքը չի վերաբերում ՆԱՏՕ-ին անդամակցմանը, մենք խոսում ենք գործընկերության ընդլայնման և ամրապնդման մասին: Հայաստանը հայտնի է որպես հուսալի գործընկեր, և Թուրքիայի գործողությունների պայմաններում, որը մշտապես հիասթափեցնում է դաշինքի գծով գործընկերներին, կարելի է օգտվել ստեղծված հնարավորություններից: Բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի դեմ ուղղված չէ: Ավելին, դա լավ օրինակ է այն բանի, որ Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումը պարտադիր չէ, որ անդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Բացի այդ, Հայաստանը կարող է երկխոսության հաստատման համար կամուրջ հանդիսանալ»,- ասել է վերլուծաբանը:
Նա գտնում է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը մի շարք առավելություններ է տալիս հանրապետությանը, մասնավորապես՝ թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել ռազմական կրթության վրա, արդիականացնել զինված ուժերը, կրճատում է Հայաստանի կախվածությունը մեկ գործընկերոջից: