Արմինֆո. Գործընթացների, այդ թվում` Ռուսաստանի շուրջ, հանգամանալից վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն կարծիքի, որ Մոսկվան նախապատրաստում է աշխարհաքաղաքական նահանջ դեպի նոր «պաշտպանական» գծեր` փրկելու համար այն ամենը, ինչ դեռ հնարավոր է փրկել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Շատերին թվում է, թե Կրեմլը պատրաստվում է հերթական ռազմաքաղաքական էքսպանսիայի` ԽՍՀՄ-ից մնացած ամեն ինչ իր վերահսկողությանը վերադարձնելու նպատակով, պատրաստվելով կառուցել նոր Ռուսական կայսրություն, իհրակե` առանց բալթյան երկրների և Ուկրաինայի մի մասի: Ըստ իս` այդ կարծիքը սխալական է, հաշվի առնելով Եվրասիայի քաղաքական տարածության տեղի ունեցող վերաձևաչափավորումը: Առնվազն Մերձավոր և Միջին արևելքի տարածաշրջանում, ինչպես նաև հետխորհրդային երկրներում այդ վերաձևաչափավորումը տեղի կունենա արագացված տեմպով», - նշել է նա:
Նրա գնահատմամբ, այդ գլոբալ գործընթացի նախաձեռնողներն արդեն գործարկել են առանձին պետությունների` Իրաքի, Լիբիայի մասնատման և Սիրիայի` համեմատաբար մանր ֆրագմենտների մասնատման մարտավարությունը: Վերլուծաբանը կարծում է, որ գլոբալ վերաձևաչափավորմանը դիմակայող ուժային կենտրոնները կձգտեն դանդաղեցնել ֆրագմենտացման գործընթացը: Դա նրանց թույլ կտա Ժամանակ շահել, որն անհրաժեշտ է նոր մարտահրավերներին հարմարվելու և հետագայում նման փլուզման արդյունքում որոշ առանձին հատվածներ կլանելու հնարավորություն ապահովելու համար:
Որպես օրինակ վերլուծաբանը նշել է Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի շուրջ հասունացող պայմաններում Ռուսաստանի վարքագծի առայժմ վատ մշակված մոդելը: Այդ նույն համատեքստում է Մելիքյանը դիտարկում նաև ԽՍՀՄ տարածքում ծնված անձանց ՌԴ քաղաքացիություն տրամադրելու Մոսկվայի որոշումը: Նրա կարծիքով, նույն նպատակին կծառայի նաև ռուսական ԶԼՄ-ներում գործուն կերպով կիրառվող Խորհրդային Միության հանդեպ կայսերական կարոտախտի քարոզչությունը: