Արմինֆո.Հայ զինվորականների Սիրիա ուղարկելու հարց չի եղել Հայաստանի անվտանգության խորհրդի երեկվա նիստի օրակարգում: Հունիսի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով նախօրեին ՀՀ նախագահի հրավիրած ԱԱԽ նիստում Սիրիա հայ զինծառայողների ուղարկման հարցի քննարկմանն առնչվող հարցին:
Սարգսյանը հիշեցրել է, որ ԱԱԽ նիստում քննարկվող հարցերը գաղտնի են, և ինքը լիազորված չէ հաղորդելու ավելի շատ տեղեկատվություն, քան ներկայացրել է հայոց պետության ղեկավարի մամուլի ծառայությունն այդ հարցի վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ մերձավորարևելյան ճգնաժամը քննարկվել է: «Նիստի օրակարգում եղել է Մերձավոր արևելքում առկա իրավիճակը: «Ես պետք է ասեմ, որ տվյալ պահի դրությամբ Սիրիայի բարեկամ ժողովրդին օգնության նպատակով իրականացվող մարդասիրական ծրագրերից բացի այլ ծրագրեր չեն քննարկվել, հատկապես` այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարցը: Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Սիրիա զինծառայողներ ուղարկելու հնարավորությանը, ապա ես արդեն հնարավորություն ունեցել եմ արտահայտվելու այդ հարցի շուրջ: Ես չեմ բացառում, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ մենք, որպես պետություն, ցանկություն ունենանք մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Անշուշտ, խոսքը չի վերաբերում այդ հարցում ժամկետային ծառայության զինվորների մասնակցությանը», - ասել է Սարգսյանը: Ընդ որում, նա նշել է, որ նման գործողություններին կարող է մասնակցել խաղաղապահ զորակազմը, որը համալրված է պայմանագրայիններով, և Հայաստանի քաղաքականությունն այդ հարցում փոփոխության չի ենթարկվել: «Չեմ կարծում, թե տեսանելի ապագայում նման սցենար հնարավոր է», - ընդգծել է Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանն առայժմ Լիբանանում խաղաղապահ զորակազմի ավելացում չի ծրագրում: