Արմինֆո. Հայաստանի նախագահի տեղում ես էլ Ռուսաստանի առջև կբարձրացնեի Ադրբեջանի կողմից խաղաղ բնակիչների դեմ ռուսական զենք կիրառելու հարցը, հայտարարել է ՄՄՀՊԻ Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:
2016 թվականի ապրիլի 7-ին, քառօրյա պատերազմի ավարտից երկու օր անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հաղորդեց Արցախի խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջան մատակարարված ռուսական զենքի կիրառման մասին:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանին «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրների վերջին ռուսական մատակարարումները, Սիլաևը դա պայմանավորել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղորդվող միջոցները համալրելու անհրաժեշտությամբ: Փորձագետը կարծում է, որ Ադրբեջան ռուսական զենքի մատակարարումները ոչ մի կերպ չեն առնչվում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցությանը, քանի որ Հայաստանը ռուսական զենք է ստանում ՀԱՊԿ գծով համաձայնագրերի շրջանակում:
Օրերս Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ են հասել «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ, որոնք նախատեսված են հակառակորդի տանկերի, զրահատեխնիկայի և ամրությունների ոչնչացման համար:
Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ 2012-2016 թթ. Ադրբեջանի կողմից զենքի գնումները 20 անգամ գերազանցել են Հայաստանի գնումները: SIPRI փորձագետների հավաստմամբ, Ադրբեջանը 4%-ով նույնպես ընդգրկվել է այն երկրների հնգյակում, ուր 2012-2016 թթ. ուղղվել է Ռուսաստանի սպառազինության արտահանման հիմնական ծավալը: Ադրբեջանն իր սպառազինությունների 85%-ը շարունակում է ներմուծել Ռուսաստանից: