Արմինֆո.Դժբախտաբար, վերջին տասնամյակներին եվրոպական մայրցամաքում ավելի հաճախ են առաջանում խնդիրներ և մարտահրավերներ, լուրջ փորձությունների է ենթարկվում միջազգային իրավունքը, իսկ Եվրոպան ենթարկվում է լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացմանը:
«Դժբախտաբար, այդ փոփոխությունները որոշ երկրներում ուղեկցվել են հակամարտություններով, որոնք մինչ օրս մնում են չլուծված և տարածաշրջանային անկայունության գործոն են», - ասել է Մոլդովայի վարչապետը: Այդ համատեքստում նա Եվրախորհրդին կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել այդ հարցերի կարգավորմանը:
Ֆիլիպը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ուկրաինական ճգնաժամի և վրացական խնդրի կարգավորմանը: Նրա համոզմամբ, գոյություն չունի հակամարտությունների կարգավորման կատարյալ մոդել: «Այդուհանդերձ, ես միանգամայն համոզված եմ, որ Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հակամարտությունները և Ուկրաինայի արևելքում խորը ճգնաժամը պետք է կարգավորվեն անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Բացի այդ, անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից և ստանձնել հետագա գործողությունների համար պատասխանատվություն», - եզրափակել է Ֆիլիպը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Բիշքեկում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Մոլդովային ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշում է կայացվել: