Արմինֆո. Հունիսի 25-ին «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, համագումարին մասնակցել են 187 պատվիրակ, ինչպես նաեւ հյուրեր հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններից: Ողջույնի խոսքով հանդես են եկել համագումարին հրավիրված հյուրեր՝ գեներալ Սեյրան Օհանյանը եւ քաղաքագետ Ազատ Արշակյանը: Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է նախորդ համագումարից հետո ընկած ժամանակաշրջանում վարչության կատարած աշխատանքների հակիրճ հաշվետվությունը, ինչն ընդունվել է ի գիտություն:
Համագումարում ծրագրային զեկույցով հանդես է եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, մասնավորապես, անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական եւ աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած հակոտնյա երեւույթների եւ հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ:
Այնուհետեւ տեղի են ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպեսեւ Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները:
Նոր վարչության կազմում ընտրվել են կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Արմեն Մարտիրոսյանը եւ Լիգիա Մելքումյանը, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը եւ Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գեւորգ Ղահրամանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:
Ամփոփիչ խոսքով ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհանիսյանը: Միաձայն ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը, որն ընթերցել է կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը: Հռչակագիրը վերստին հավաստիացրել է կուսակցության ծրագրերին, համազգային նպատակներին ու դավանած արժեքներին, որոնք են՝ Ազատությունը, Ինքնիշխանությունը եւ Ազգային շահը, «Ժառանգության» բոլոր անդամների հավատարմության մասին:
Ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը: