Արմինֆո.Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հիշեցրեց, որ ներկայում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ է իրականացնում 6 օպերատորների 51 գրասենյակ՝ հանրապետության բոլոր մարզերում. օպերատորներին վերապահվել է 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասություն: Հարկ է նշել նաև, որ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն՝ վերաիմաստավորվում է նաև պետական ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումները: Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն ընդլայնել պետական իշխանության մարմինների գործառույթներ իրականացնող սպասարկման գրասենյակների քանակն ու աշխարհագրությունը, վերջիններիս կողմից մատուցվող պետական ծառայությունների քանակը, այլ որպես բարեփոխման առանցքային ուղղություն դիտարկվում է նույն ծառայությունների առցանց մատուցման համար հնարավորությունների ստեղծումը:
Նախատեսվում է Էլեկտրոնային կառավարման ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանները և անձի նույնականացման էլեկտրոնային գործիքները օգտագործելով՝ խթանել էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին և բիզնեսին ծառայությունների մատուցումը: Նախարարը ներկայացնելով որոշման նախագիծը ընդգծեց, որ մինչև տարեվերջ որոշ ծառայություններ քաղաքացիներին կտրամադրվեն նաև էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, արդարադաատության ոլորտում իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բոլոր գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել առցանց, էլեկտրոնային նույնականացման գործիքների կիրառմամբ՝ առանց պետական մարմնի գրասենյակ այցելելու:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես-Ռենկինգի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային պորտֆելը 2016 թվականին ավելացրել է 58,7%, մինչև 104,9 մլրդ դրամ, կամ $ 216,7 մլն (բանկի ակտիվների 48.7% -ը): Արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվները տարվա ընթացքում աճել են 63.3%, մինչև 215.6 մլրդ դրամ, կամ $ 445,5 մլն, ընդհանուր կապիտալը մեծացրել է 47.6%, մինչև 33,2 մլրդ դրամ, հիմնականում կանոնադրական կապիտալի 2 անգամ համալրման հաշվին, մինչև 16.8 մլրդ դրամ (2016-ի նոյեմբերի թողարկման և դեկտեմբերին Հայկական Զարգացման Բանկի հետ միավորման հաշվին): Բանկի ընդհանուր պարտավորությունները 2016-ին աճել են 66.4%, մինչև 182.4 մլրդ դրամ, կամ $ 376,9 մլն, որից 58,7%-ը կազմում են ժամկետային ավանդները և ցպահանջ ավանդները (տարեկան աճը`մոտ 2 անգամ), իսկ 30 2% - ը`միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավված միջոցները (տարեկան աճը`14.6%):
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2016 թվականի ավարտին կատարված էմիաիայի շնորհիվ Բանկի խոշորագույն բաժնետերն է «Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, այնուհետև հաջորդում են`ՎԶԵԲ - 18.14%, Rural Impulse Fund II - 8,58%, իսկ մնացած 0.55% -ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), որից 27-ը`Երևանում, իսկ 26 - ը`մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում, իսկ Հայկական Զարգացման Բանկի հետ միավորման արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը հասել է 63-ի: