Արմինֆո. ՀՀ կառավարությունը կշարունակի արտակարգ ռեժիմով աշխատանքը, ասօր կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2017-2022 թվականների ծրագրին, որով նախատեսված են յուրաքանչյուր ոլորտի զարգացման միջոցառումներն ու գործողությունները հստակ ժամկետներով: Հաշվի առնելով ծրագրի իրագործման փուլի մեկնարկը և կառավարության հանրությանը հաշվետվողականության քաղաքականությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ հստակ սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետները՝ եռամսյակային կտրվածքով։ Ցանկում ներառված միջոցառումների կատարողականների ընթացքի վերաբերյալ ևս եռամսյակային կտրվածքով պետք է ներկայացվի տեղեկատվություն կառավարության աշխատակազմ: Վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ 2017 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խմդիրները հաստատելու մասին կառավարության որոշման մեջ, 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: «Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեցօրյա նվազագույն աշխատանքային ռեժիմ, և ադապտացնում ենք ծրագիրը նախկին միջոցառումներինե,- նշել է Կարեն Կարապետըյանը:
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կիսամյակային հաշվետվություններին: Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում 2017 թվականի կառավարության նախաձեռնած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես՝ կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները: Վարչապետը հանձնարարել է 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: «Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ որ նախագծել ենք՝ հստակ ձևակերպենք, ներկայացնենք՝ ինչ ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ նշենք, թե ինչու չենք կատարել և երբ ենք լրացնելու դրանք: Չնայած կարծում եմ, որ այդպիսի կետեր չպետք է լինենե,- ասել է վարչապետը: