Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումների հետո վերջապես արձագանքել է Իսրայելում սկանդալին՝ կապված հայկական բժշկական բուհերի դիպլոմների հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը`Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»: Հատկանշական է, որ Կրթության և գիտության նախարարությունը միայն հիմա է հասկացել, որ նման սկանդալները ստվեր են նետում ոչ միայն երկրի կրթության համակարգի, այլ նաև՝ ընդհանուր առմամբ վերջինիս միջազգային հեղինակության վրա: Նախարարությունը հայտնում է նաև, որ հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը: Իսկ նախօրեին Կրթության և գիտության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը նշել էր, որ ԿԳՆ-ն զբաղվում է կրթության ոլորտին առնչվող գլոբալ հարցերով, համակարգի օրենսդրական կարգավորմամբ, այլ ոչ թե՝ առանձին վերցրած ուսումնական հաստատություններով: Մամուլի քարտուղարի խոսքերից կարելի էր եզրակացնել, որ հայաստանյան բուհերի միջազգային հեղինակությունը Կրթության և գիտության նախարարության իրավասությունների և լիազորությունների շրջանակի մեջ չի մտնում:
Նշենք, որ Իսրայելի առողջապահության նախարարության կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ գերատեսչությունը չի երաշխավորում հայկական բժշկական բուհերի դիպլոմները և չի կարող աջակցել այդ ուսումնական հաստատությունների շրջանավարտների կողմից աշխատանք գտնելուն:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ սկանդալը հիշյալ բուհին չի վերաբերում: «Մեր օտարերկրացի շրջանավարտների հետ կապված որեւէ խնդիր, դժգոհություն բուհը չի ստացել: Ավելին, ավարտելուց հետո նրանք հաջողությամբ աշխատանքի են տեղավորվել աշխարհի տարբեր բուհերում»,- հայտարարել է ԵՊԲՀ մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը:
«Հայկական բժշկական ինստիտուտում» և Մեհրաբյանի անվան ինստիտուտում /երկուսն էլ մասնավոր բուհեր են/ ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ այդ ուսումնական հաստատությունների հիմնադրման օրից իրենք օտարերկրացի ուսանողների դիպլոմներ չեն տվել: Այդ բուհերում ակնարկել են, որ սկանդալը կապված է մեկ այլ մասնավոր բուհի՝ «Հայբուսակի» կողմից տրված դիպլոմների հետ: Սակայն, հիշյալ բուհում մեկնաբանություններ ստանալ ԱրմԻնֆո-ի թղթակցին չի հաջողվել: