Արմինֆո.Բնակարանային գողությունների դեպքերի բացահայտումը, կանխումն ու նախականխումը ոստիկանության կարեւորագույն խնդիրներից են։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1250 բնակարանային գողության դեպք, ինչը 119-ով կամ 8,7%-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: «ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված հանցատեսակի բացահայտումն աճել է 2,5%-ով (30,5%-ից 33,0%): Դեպքերի նվազման և բացահայտման աճի միտումները պահպանվել են նաև 2017 թվականի 5 ամիսների ընթացքում: Եթե 2016 թվականի 5 ամիսների արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել էր 590 բանակարանային գողության դեպք, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը նվազել է 255-ով կամ 43,2%-ով, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 6,2%-ով (26,3%-ից 32,5%)»,- գրել է Ահարոնյանը: