Արմինֆո. ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանում ներկայումս բնակվում է 2,93 մլն մարդ, սակայն արդեն 2050 թվականին Հայաստանի բնակչության թվաքանակը կկրճատվի մինչև 2,7 մլն, իսկ 2100 թվականին կկազմի ընդամենը 1,8 մլն:
Այս պայմաններում հատկանշական է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որում նա ընդգծել է, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է կազմի 4 միլիոն։ Նոր կառավարության ծրագրում նույնպես ամբողջական բաժին կա՝ ուղղված հանրապետության ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, սակայն, ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, այդ միջոցներն ու ձգտումները, ըստ երևույթին, բավարար չեն՝ երկրի բնակչության թվաքանակի ավելացման համար:
Նշենք, որ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, երկրագնդի բնակչության թվաքանակը
2050 թվականին կհասնի շուրջ 10 մլրդ-ի, իսկ 2100 թվականին կգերազանցի 11
մլրդ նշագիծը: Փաստաթղթի համաձայն՝ ներկայումս երկրագնդի բնակչությունը
կազմում է 7,4 մլրդ:
Ըստ որում, նշվում է, որ երկրագնդի բնակչության աճ տեղի է ունենում հիմնականում 47 զարգացող երկրների հաշվին, որտեղ ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում Է 4,3 երեխա: Ներկայումս այս պետություններում բնակվում է մեկ միլիարդ մարդ, իսկ 33 տարի անց կլինի 1,9 մլրդ: Աֆրիկյան 26 երկրների բնակչությունն այդ ժամանակաշրջանում կկրկնապատկվի: Միտումը կպահպանվի՝ չնայած այն բանին, որ ծնելիության մակարդակն աշխարհում, կապված բնակչության ծերացման հետ, շարունակում է նվազել: Փորձագետները կանխատեսում են նաև, որ հնդկացիների թիվը 2024 թվականին կգերազանցի Չինաստանի բնակչությանը, իսկ նիգերացիները 2050 թվականին «առաջ կանցնեն» ամերիկացիներից:
Նվազելու է նաև Վրաստանի բնակչությունը՝ 3,9 միլիոնից հասնելով 2,5-ի, Ռուսաստանինը՝ 144 միլիոնից հասնելով 124 միլիոնի: Ադրբեջանի բնակչությունը ևս կկրճատվի՝ 9,8 միլիոնից նվազելով 9,5 միլիոնի: Թուրքիայի բնակչությունը, ընդհակառակը, կաճի մինչև 85,7 միլիոն։