Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, Ադրբեջանը զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,-գրել է Հասրաթյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, թե իբր հայկական զինված ուժերն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների դեմ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, իսկ դրանցից մեկը ոչնչացվել է: Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ համապատասխան պատասխան քայլերը կործանարար կլինեն հայկական կողմի համար: