Արմինֆո.Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որ հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը մարտական անօդաչու թռչող սարքերից, և դրանցից մեկը ոչնչացվել է, մասնավորապես, հայտարարել է. «Այդ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն»: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ապրում է ինչ-որ վիրտուալ իրականությունում: Դա նույն սերիայից է, ինչ Հայաստանի քաղաքացու մասնակցությամբ բեմադրությունը՝ դժբախտ մի մարդու, ով չգիտությամբ անցել է ադրբեջանական կողմը և հայտնվել բարբարոսների ձեռքում: Մի կողմ թողնենք միջադեպի հումանիտար կողմը, բայց այն, ինչ նրանք արել են այդ մարդու հետ, առողջ մարդու գլխում չի տեղավորվում: Տեսագրության կադրերում երևում է, որ նա հիվանդ մարդ է՝ տանջամահ եղած և ահաբեկված»:
Միաժամանակ Բաբայանն ընդգծել է, որ եթե համապատասխան միջազգային հումանիտար կազմակերպությունները չարձագանքեն մարդու տարրական իրավունքների այդ ոտնահարումներին, խաչ կքաշեն այնպիսի արժեքի վրա, ինչպես՝ հումանիզմը: «Տեսնում ենք, որ Ադրբեջանն ուղղակի խրվել է իր ֆաշիստական գաղափարախոսության մեջ, և եթե դրա վերջը չդրվի, հետևանքները ցավալի կլինեն»,- ասել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը:
Նշենք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է տեղեկատվություն, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, իբր, գերի է վերցվել հայկական զինված ուժերի զինծառայողը: Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է քաղաքացիական հագուստով մի տղամարդու հարցաքննության տեսագրություն, ում վրա կար թուրքական զրահաբաճկոն: Տեսանյութում այդ տղամարդը վատ հայերենով տալիս է ցուցմունքներ, ընդ որում՝ վատ ձայնագրության հետևանքով ոչ բոլոր բառերն են լսվում: Նա նաև հայտարարում է, որ ինքը Նոյեմբերյանի Դովեղ գյուղի բնակիչ է: Սակայն, այդ գյուղում երբեք չի ապրել նման անուն և ազգանունով մարդ: Ընդհակառակը, նման մարդ բնակվել է Վանաձորում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նման անձը գրանցված է Վանաձորի Մայմեխի մայրուղու վրա գտնվող հասցեում, որտեղ տեղակայված է ծերանոցը: Հաստատության տնօրեն Մանուշակ Օհանյանը պնդում է, որ նման մարդ իրենց մոտ չի աշխատում և չի ապրում, բայց նրա մասին ինքն «ինչ-որ բան լսել է»: Մասնավորապես, տնօրենը տեսել է Զավեն Կարապետյանի անունով ծանուցագիր՝ ընտրություններին մասնակցելու համար: