Արմինֆո. Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են հրադադարի ռեժիմի խախտումներով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցած շաբաթ, ինչը նույնպես հանգեցրել է մարդկային զոհերի: Այս մասին է ասվում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատոսչության կայքում:
«Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել իրավիճակի սրումից և անհապաղ սկսել միջոցների իրականացումը, որոնք կնվազեցնեն լարվածությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում», - ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի համատեղ հայտարարության մեջ, որն արվել էր տարածաշրջան կատարված այցից հետո, կողմերին կրկին անգամ կոչ են անում վերսկսել բանակցությունները, բարի կամքի ոգով և քաղաքական կամքի հիման վրա, ինչպես նաև ընդգծվում է, որ միայն նման բանակցությունների միջոցով կարելի է հասնել տևական խաղաղության տարածաշրջանում:
«Միացյալ Նահանգները կշարունակեն ինտենսիվորեն աշխատել կողմերի հետ: Մեր երկարաժամկետ քաղաքականությունը, որն իրականացվում է Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, կայանում է նրանում, որ հակամարտության արդար կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, այդ թվում, Հելսինկիի եզրափակիչ ակտի: Այսինքն, պետք է հարգվեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները», - ասված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարության մեջ: