Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 21-ին Ազգային ժողովի ամբիոնից նշել է 2018 թ.-ից հետո ևս նախարարների կաբինետը գլխավորելու իր պատրաստակամությունը:
Կառավարության 2017-2022 թթ. ծրագրի քննարկման նպատակով խորհրդարանի արտահերթ նիստում Կարեն Կարապետյանը, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե պատրաստ է արդյոք նա զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը, եթե Սերժ Սարգսյանը փոխի իր որոշումը և 2018 թ. զբաղեցնի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը, հայտարարել է. «Ես պատրաստ եմ լինել վարչապետ»:
Պատասխանելով Փաշինյանի մեկ այլ հարցին, թե արդյոք գործող վարչապետը այն մարդկանց թվում է, ովքեր ներկայումս համոզում են ՀՀ նախագահին 2018 թվականին զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ նա հայտարարել է. «Չգիտեմ համոզողներ կան, թե չկան, բայց ես համոզողների մեջ չկամ»:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ սահմանադրական բարեփոխումներից հետո վարչապետի պաշտոնը չի զբաղեցնելու, սակայն ներկայումս լուրեր են շրջանառվում, որ գուցե նա փոխել է իր որոշումը: