Արմինֆո. Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, տեղեկություն էին տարածել այն մասին, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբն Ադրբեջանի զինված ուժերի պաշտպանական գիծն անցնելու փորձ է ձեռնարկել, և իբր ձեռնարկված պատասխան միջոցների արդյունքում ՀՀ ԶՈւ հետախուզական խումբը, կորուստներ կրելով, նահանջել է՝ խմբի մեկ անդամի թողնելով գերության մեջ: