Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ աշխատանք են կատարում՝ բավական բարդ միջավայրում, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ժամանակը չէ արդյոք գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, որը մշտապես սադրանքների է դիմում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Նա կրկին ԵՄ լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական գործունեությանը: «Ընթացիկ տարվա հուլիսի սկզբին ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը կայցելի Հայաստան: Այդ այցը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն մտահոգված է իրավիճակի առնչությամբ: Մենք պատրաստ ենք լրացուցիչ աջակցություն ցուցաբերել խաղաղարար գործընթացին, այդ թվում՝ հետկոնֆլիկտային շրջանում վերականգնողական գործընթացում: Հրադադարի ռեժիմի մշտական խախտումները մտահոգիչ են, խաղաղությունը շատ փխրուն է, ինչի մասին են վկայում անցած տարվա ապրիլյան իրադարձությունները»- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, ԵՄ-ն համոզված է, որ խաղաղության հաստատումը պետք է գերակայություն լինի այս տարածաշրջանում: «Անհրաժեշտ է պահովել տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի խաղաղ զարգացումը: Եկեք չկորցնենք մեր հույսը»,- ասել է Սվիտալսկին: