Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ չի տեսնում:
«Ես տեղակացված չեմ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման հարցում որևէ քաղաքական խորընդոտի մասին: Այո, կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք կարգավորվում են: Սակայն, քաղաքական խոչընդոտներ ԵՄ կողմից չկան»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք խոչընդոտներ առաջանան Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում:
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն առաջ է ընթանում և պատրաստվում է ընթացիկ տարվա աշնանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրմանը:
Միաժամանակ նա դժվարացել է ասել, թե արդյոք նման խոչընդոտներ կան Հայաստանի կողմից: Սվիտալսկին ասել է, որ տեղյակ չէ, թե արդյոք կան մարտահրավերներ կամ խոչընդոտներ, որոնք կարող են խանգարել Հայաստանին ստորագրել այդ համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Երևանում Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրեցին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետարքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: Նույն տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարել էին Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: