Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռٳսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և
Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) տարածաշրջան այցի արդյունքների համաձայն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում միջնորդներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը;
«Համանախագահների այցի գլխավոր նպատակն էր՝ քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի առնչությամբ կողմերի դիրքորոշումները Մոսկվայում ԱԳՆ ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումից /ապրիլի 28/ հետո, ինչպես նաև ծանոթանալ հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակին»,- ասվում է միջնորդների հայտարարության մեջ:
Համանախագահները նշում են, որ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ: «Միջնորդներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղի շրջակա մի շարք շրջաններ՝ ներառյալ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քարվաճառի շրջանները, ինչպես նաև Բաքվում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: Բաքվում իրենց բանակցություններում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների առնչությամբ, որոնք տեղի ունեցան տարածաշրջան իրենց այցի նախօրեին՝ զորքերի շփման գծում զոհերի պատճառ դառնալով: Միջնորդներն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել խուսափել իրավիճակի հետագա սրացումից: Նույն ուղերձով միջնորդները դիմել են Հայաստանի ղեկավարությանը և Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններին: Նրանք խորհուրդ են տվել կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան նվազեցնել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ ընդգծվում է, որ Երևանում և Բաքվում միջնորդները կոչ են արել կողմերին վերսկսել բանակցությունները՝ բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով: Նրանց համոզմամբ, դա ամուր խաղաղության ձեռքբերման միակ ճանապարհն է տարածաշրջանի բնակիչների համար, ովքեր հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց են ակնկալում:
«Նախագահները քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն են հայտնել՝ ամենավիճահարույց հարցերի շուրջ փոխզիջում գտնելու նպատակով:
Համանախագահները հուլիսի 3-ին կմեկնեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին այցի արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով: Նրանք նաև նախատեսում են շուտով հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի պայմաները»,-նշվում է միջնորդների հայտարարության մեջ: