Արմինֆո. ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2017-22 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը:
Հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ կառավարությունը, մասնավորապես, նախատեսում է՝ մինչև 2018 թվականի ավարտը զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել և գործարկել միջազգային իրավական չափորոշիչներով նախատեսված և պահանջներին համապատասխանող հակակոռուպցիոն կանխարգելիչ ինքնավար մարմին, մինչև 2018 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ գործող հակակոռուպցիոն ռազմավարության շարունակական իրականացման ուղղությամբ՝ շեշտադրելով հանրային ծառայության համակարգում բարեխիղճ, ազնիվ ու արհեստավարժ կադրերով համալրելու անհրաժեշտությունը: Մշակել հակակոռուպցիոն նոր գործուն, հեռանկարային ռազմավարություն՝ նոր հակակոռուպցիոն թիրախային ոլորտների սահմանմամբ: Մինչև 2019 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ հայտարարագրման, էթիկայի, անհամատեղելիության և այլ սահմանափակումների ինստիտուտների շարունակական կատարելագործման ուղղությամբ և շարունակաբար ընդլայնել հայտարարագիր ներկայացնող
անձանց ցանկը, մինչև 2019 թվականի ավարտը հստակեցնել օրենսդրական մակարդակում կոռուպցիոն հանցագործությունների և զանցանքների շրջանակները: Մինչև 2021 թվականի ավարտը բարելավել հակակոռուպցիոն ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման համակարգը: Մինչև 2018 թվականի ավարտը ներդնել, զարգացնել ազդարարների պաշտպանության գործուն կառուցակարգերը և ապահովել դրանց կիրարկումը: Ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ: Մինչև 2019 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ ԱՃԹՆ (Արդյունահանող
ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) վավերացման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Մինչև 2020 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ կոռուպցիոն հանցագործություններ քննող նախաքննական մարմինների ենթակայության և կոռուպցիոն հանցագործությունների քննության լիազորությունները մեկ մարմնին տրամադրման հնարավորության ուսումնասիրման ուղությամբ: Գործարար միջավայրի բարելավման և բիզնեսի շահերի պաշտպանության
ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասինե ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը՝ որպես գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքներ և օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց ներդնել՝ գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ: