Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Հայաստանին մեղադրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում սադրանքների մեջ:
«Հայաստան և Ադրբեջանի օկուպացված տարածքներ ձեր այցից հետո, ինչպես նաև Ադրբեջան ժամանելու նախօրեին Հայաստանը զորքերի շփման գծում հերթական սադրանքն է իրականացրել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել է մեր զինծառայողը: Ադրբեջանական բանակը, ինչպես միշտ, համարժեք պատասխան է տվել, ինչի արդյունքը ձեզ հայտնի է: Դա ինձ համար զարմանալի չէ, քանի որ հայկական կողմը միշտ որևէ կարևոր իրադարձությունից կամ ձեր այցից առաջ նմանօրինակ սադրանքների է դիմում, ինչի ականատես ենք եղել մի քանի անգամ՝ 2014, 2016 թվականներին և այսօր»,- հայտարարել է Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն:
Ըստ որում, նա միջադեպի համար ողջ պատասխանատվությունը Հայաստանի ղեկավարության վրա է բարդել: «Ադրբեջանական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը: Տեղի ունեցածը հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ամեն գնով փորձում է խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,- ասել է Ալիևը:
Նշենք, որ միջնորդները այցով գտնվում են Բաքվում: Նրանք արդեն հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ: Անցած շաբաթ միջնորդները եղել են նաև Երևանում և Ստեփանակերտում, որտեղ նույնպես մի շարք հանդիպումներ են ունեցել: Ենթադրվում է, որ տարածաշրջանային այցի արդյունքների համաձայն՝ համանախգահները հանդես կգան հայտարարությամբ: Հատկանշական է, որ համանախագահների Բաքու այցի նախօրեին իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտոիմ կտրուկ սրվել է: Զոհվել է ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող, ևս 2-ը՝ վիրավորվել է: