Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է, և այն հասցվել է համանախագահներին, ՄԱԿ-ի ԱԽ-ին, ԵԱՀԿ –ին, Եվրոպայի խորհրդին, համաշխարհային հանրությանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների Ադրբեջան այցը:
«Դիրքորոշումը հետևյալն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, փախստականները և հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց տները, պետք է պահպանվեն միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Հասանովը, հայտնում է ԱՊԱ-ն: Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ համանախագահների հերթական այցն ուղղված է՝ պարզելու իրավիճակը, մեկ անգամ ևս ճշտելու կողմերի դիրքորոշումը, մոտեցնելու դիրքորոշումները և հասնելու հակամարտության հարցում առաջընթացի. «Գտնում ենք, որ ցանկացած ձևաչափով անցկացված հանդիպումը ծառայում է առնչման ընդհանուր կետերի որոնմանը: Դրանք վաղ թե ուշ կգտնվեն: Հակառակ դեպքում պատերազմը և ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի և մյուս օկուպացված տարածքների ազատումը անխուսափելի է»: Միաժամանակ Հասանովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է սադրանքներ նախաձեռնելու մեջ:
Նշենք, որ միջնորդները այցով գտնվում են Բաքվում: Նրանք արդեն հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ: Անցած շաբաթ միջնորդները եղել են նաև Երևանում և Ստեփանակերտում, որտեղ նույնպես մի շարք հանդիպումներ են ունեցել: Ենթադրվում է, որ տարածաշրջանային այցի արդյունքների համաձայն՝ համանախգահները հանդես կգան հայտարարությամբ: Հատկանշական է, որ համանախագահների Բաքու այցի նախօրեին իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտոիմ կտրուկ սրվել է: Զոհվել է ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող, ևս 2-ը՝ վիրավորվել է: