Արմինֆո.ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի և խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի քննադատությունը խիստ հուզել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր մեկը մյուսի հետևից սկսել են հերքել դիվանագետի խոսքերը՝ կոռեկտության կոչ անելով նրան:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Սվիտալսկիի այն խոսքերին, որ իշխանությունները նոր ԸՕ-ն «ձևել» են իրենց համար, ընդգծել է.
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ՀՀԿ-ին տեսնել Հայաստանի իշխանության ղեկին»: Փոխխոսնակը նշել է նաև, որ իշխանությունները չէին կարող ԸՕ-ն «ձևել» իրենց համար, քանի որ այն ընդունվել է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից՝ այն ժամանակվա իշխանությունների և ընդիմության միջև լայն փոխհամաձայնության հիման վրա: «Ինձ համար անհասկանալի է Պյոտր Սվիտալսկիի արձագանքը՝ այն պարզ պատճառով, որ ժամանակին նա ինքն է դրական գնահատական տվել նոր ԸՕ-ին»,- հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղարը: Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ դիվանագետի քննադատությանը՝ Շարմազանովը նշել է, որ այն անհասկանալի է՝ Հայաստանում վերջին ընտրական գործընթացների առնչությամբ միջազգային դիտորդների, այդ թվում ԵՄ դիտորդների, դրական գնահատականների լույսի ներքո: «Մեզանից ավելի ոչ ոք շահագրգռված չէ, որ Հայաստանում զարգանա ժողովրդավարությունը: Մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք ենք որոշում, թե ինչպիսին պետք է լինի մեր ԸՕ-ն և այլ օրենքները: Ոմանց այն կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց բոլորը պետք է գիտակցեն, որ այդ փաստաթղթերն ընդունվել են երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից՝ ձայների մեծամասնությամբ: Այս առնչությամբ Սվիտալսկիի գնահատականներն ինձ համար անհասկանալի են: Իհարկե, խորհուրդները, աջակցությունը շատ լավ է, բայց պետք է պահպանվի պատշաճ տոնայնություն, զսպվածություն. սա հարսանիք չէ, որ երաժշտություն պատվիրի նա, ով վճարում է»,- ասել է փոխխոսնակը՝ հավաստիացնելով, որ Եվրոպան աջակցում է Հայաստանին ժողովրդավարության զարգացման հարցերում, քանի որ գիտակցում է, որ հանրապետությունն ի զորու է իրականացնել առաջադրված խնդիրները:
Նշենք, որ նախօրեին ելույթ ունենալով «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերըե թեմայով համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել է, որ
Հայաստանի կառավորող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարացնել իրենց, որպեսզի այն սպասարկի կառավարող ընտրախավի շահերը: «Կցանկանայի, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքն ավելի շատ արտացոլեր եվրոպական երկրներում գործող մոտեցումները: Այս առնչությամբ հետևյալ ուղերձներն ունեմ հայաստանյան իշխանություններին՝ բարելավել Ընտրական օրենսգիրքը. անցած ընտրությունները ցույց տվեցին, որ դեռ առաջ ընթանալու տեղ կա, բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը՝ ԿԸՀ խորհրդում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավելու ճանապարհով: Ավելին, համոզված եմ, որ առանց անկախ դատական համակարգի, հնարավոր չէ ապահովել հասարակության վստահությունը: Հասարակությունում պետք է վստահ լինեն, որ դատական ատյաններ դիմելիս իրենց հայցերը օբյեկտիվ և բազմակողմանի քննության կենթարկվեն անկախ դատավորների կողմից: Եվս մեկ կարևոր կետ՝ իրավապահ մարմինները, եթե նրանք հասարակության աչքում դիտարկվում են որպես քաղաքական ընտրախավի շահերի իրականացումն ապահովող գործիք, ապա չենք կարող քաղաքացիների կողմից ընկալվել որպես իրենց պաշտպանությունն ապահովող մարմինե,- ասել է Սվիտալսկին: Ըստ որում, նա նշել է, որ անցած ընտրությունների ընթացքում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ընտրատեղամասերում խախտումների, ընտրակաշառքների, ընտրողներին ուղղորդելու, ճնշում գործադրելու մասին: Նրա խոսքով, անհրաժեշտ է ապահովել ոչ միայն այդ խախտումների հայտնաբերումը, այլ նաև աշխատել դրանց հետագա բացառման ուղղությամբ: