Արմինֆո. ԱՄՆ ոստիկանությունը Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալության օրդեր է տվել, որոնք մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելուն: Այդ մասին հայտնել են Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Պիտեր Նյուշեմը և քաղաքապետ Մուրիել Բոուսերը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Միջադեպի արդյունքում տուժել էր 10 խաղաղ ցուցարար: Ոստիկանությանը հաղջովել էր ձերբակալել բռնության համար կասկածվող երեք անձանց: Միջադեպը մեծ հակազդեցություն էր հարուցել ԱՄՆ հասարակաքաղաքական շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անթույլատրելի էր համարել թուրք իրավապահների գործողությունները` խոստանալով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների և հայտարարությունների` Անկարան խորհրդատվությունների համար հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Սերդար Քըլըչին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, հունիսի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում միաձայն ընդունված թիվ 354 բանաձևը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը: Բանաձևում նաև կոչ է արվում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար: «Թիվ 354 բանաձևում ասվում է, որ Կոնգրեսը խստորեն դատապարտում է նախորդ ամիս թուրք թիկնապահների գործողությունները և պահանջում, որպեսզի Թուրքիան անհապաղ դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկի բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ԱՄՆ քաղաքացիների և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ հարձակմանը: ԱՄՆ Պետդեպարտամենտին և գաղտնի ծառայությանը կոչ է արվում վերանայել անվտանգության ապահովման ընթացակարգերը և տրամադրել դրանք թուրքական կողմին, որպեսզի այդ երկրի պաշտոնական անձինք հստակ պատկերացնեն, թե ինչպես պետք է գործեն իրենց անվտանգության խմբերն ԱՄՆ տարածքում», - ասվում է բանաձևում: Փաստաթղթում նաև կոչ է արվում պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին: