Արմինֆո. Այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, ամբողջ աշխարհում անվանում են ահաբեկչական, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա նշել է, որ վերջին 20 տարում ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի կարգավիճակը փոփոխվել է: «Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը բանակցությունների ընթացքում քննարկված ոչ մի միջազգային փաստաթղթի հետ չի համընկնում: «Ադրբեջանը հետևյալ դիրքորոշումն ունի՝ Արցախում հայեր չպետք է լինեն: Նրանք ցանկանում են հասնել դրան ռազմական ճանապարհով, բայց չեն հասկանում, որ նման կերպ հաջողությունների հասնել հնարավոր չէ: Նրանց գործողությունների հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Ինչ վերաբերումէ բանակցային գործընթացին, դրա համար երկու պայման է պետք՝ վստահություն և հարգանք, ինչը Բաքվի կողմից չենք տեսնում»,- նշել է Իգիթյանը:
«Հայկական կողմը պետք է փոխի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեկտորը: Մենք պետք է միջազգային բոլոր ատյաններում բարձրացնենք Ադրբեջանի ագրեսիվ մոտեցման հարցը, առավել ևս, որ Բաքուն ամեն օր կրակում է ոչ միայն ղարաբաղյան դիրքերի, այլ նաև Հայաստանի ուղղությամբ»,- հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք Ադրբեջանը կփորձի կրկնել անցած տարվա ապրիլյան գործողությունները, Իգիթյանը պատասխանել է, որ, անշուշտ, կփորձի, բայց ինչ մասշտաբներով, դժվար է ասել: «Բայց հաշվի առնելով, որ անցած տարի նրանց արկածախնդրությունը հաջողություն չունեցավ, հիմքեր չկան կարծելու, որ այս անգամ իրենց մոտ ինչ-որ բան կստացվի: Սակայն, թե Հայաստանը, թե Արցախը պետք է համախմբեն ջանքերը և ապացուցեն, որ կարող են իերնց պաշտպանել»,- ամփոփել է Իգիթյանը: