Արմինֆո. Հայաստանի կառավորող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարացնել իրենց, որպեսզի այն սպասարկի իրենց շահերը, հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերըե թեմայով համաժողովում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ամփոփելով հանրապետությունում «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի իրականացման արդյունքները:
Նա հիշեցրել է, որ Եվրամիությունն իր նախնական գնահատականն է տվել Հայաստանում անցկացված ընտրական գործընթացներին, և ներկայումս սպասվում է վերջնական զեկույցի հրապարակումը, որը պատրաստում են Եվրախորհուրդը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Նրա խոսքով, զեկույցի հրապարակումից հետո անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն հանդես կգա նոր հայտարարությամբ:
«Կարող ենք ասել, որ Հայաստանը հասել է ժողովրդավարական հաստատությունների կատարելագործման հարցում առաջադրված նպատակին: 25 տարի պահանջվեց, որպեսզի երկիրն անցնի այդ ուղին: Կարող ենք վստահաբար ասել, որ այդ հարցում երկրում իրավիճակը շատ ավելի լավ է, քան հետխորհրդային այլ երկրներում: Կարծում եմ, որ անցած ընտրությունները ջրբաժան են, և հաջորդ ընտրություները միանգամայն այլ որակի ու մակարդակի կլինեն»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ նա հավաստիացրել է, որ Հայաստանը լուրջ հաջողության է հասել նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների անցկացման հարցում: Նա հիշեցրել է, որ առաջին անգամ քննարկումներին մասնակցել են հասարակության բոլոր շերտերը, ինչը կարելի է միայն ողջունել: «Սակայն, ուզում եմ նշել, որ փոխհամաձայնություն ձեռք է բերվել նոր ԸՕ սահմանափակ քանակությամբ կետերի շուրջ, ինչը չի կարելի հաշվի չառնել»,- ասել է Սվիտալսկին:
«Կառավարող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարեցնել իրենց, որպեսզի այն սպասարկի կառավարող ընտրախավի շահերը, ինչը բնորոշ է շատ երկրների: Սակայն, կցանկանայի, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքն ավելի շատ արտացոլեր եվրոպական երկրներում գործող մոտեցումները: Այս առնչությամբ հետևյալ ուղերձներն ունեմ հայաստանյան իշխանություններին՝ բարելավել Ընտրական օրենսգիրքը. անցած ընտրությունները ցույց տվեցին, որ դեռ առաջ ընթանալու տեղ կա: Բացի այդ, նա կոչ է արել բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը՝ ԿԸՀ խորհրդում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավելու ճանապարհով: «Ավելին, համոզված եմ, որ առանց անկախ դատական համակարգի, հնարավոր չէ ապահովել հասարակության վստահությունը: Հասարակությունում պետք է վստահ լինեն, որ դատական ատյաններ դիմելիս իրենց հայցերը օբյեկտիվ և բազմակողմանի քննության կենթարկվեն անկախ դատավորների կողմից: Եվս մեկ կարևոր կետ՝ իրավապահ մարմինները, եթե նրանք հասարակության աչքում դիտարկվում են որպես քաղաքական ընտրախավի շահերի իրականացումն ապահովող գործիք, ապա չենք կարող քաղաքացիների կողմից ընկալվել որպես իրենց պաշտպանությունն ապահովող մարմին»,- ասել է Սվիտալսկին:
Ըստ որում, նա նշել է, որ անցած ընտրությունների ընթացքում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ընտրատեղամասերում խախտումների, ընտրակաշառքների, ընտրողներին ուղղորդելու, ճնշում գործադրելու մասին: Նրա խոսքով, անհրաժեշտ է ապահովել ոչ միայն այդ խախտումների հայտնաբերումը, այլ նաև աշխատել դրանց հետագա բացառման ուղղությամբ:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, վերջիվերջո, կհասնի իր նպատակին, և երկրում կտարածվեն ժողովրդավարական արժեքներ: