Արմինֆո. Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրը ոչ մի դեպքում Երևանի ռուսամետ քաղաքականությանը չի հակասի, համոզված է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը և ԵՄ-ն նախատեսում են Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունները կարգավորող համապարփակ համաձայնագիր ստորագրել: 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ:
«Ես, իհարկե, չեմ բացառում ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրումը՝ հատկապես հաշվի առնելով դրա ֆինանսատնտեսական բաղադրիչը, ինչը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար: Սակայն, նախքան այդ, ինչպես և ցանկացած այլ համաձայնագիր ստորագրելը, Հայաստանի ղեկավարությունը կփորձի յուրաքանչյուր կետը համաձայնեցնել Մոսկվայի հետ»,- նշել է քաղաքագետը:
Միաժամանակ, ըստ Ենոքյանի, նոր համաձայնագիրը կորցրել է կարևորությունը, սիմվոլիկ նշանակությունը, ինչը պարունակել է համաձայնագրի նախկին նախագիծը, որի ստորագրումը նախատեսված էր 2013 թ. նոյեմբերին: Նրա կարծիքով, Մոսկվայի եվրասիական ինտեգրման նախագծերին Երևանի միացումը զգալիորեն նվազեցրել է ստորագրման պատրաստվող համաձայնագրի նշանակությունը: