Արմինֆո. 2016 թվականից սկսած՝ Վրաստանի համար եկել են սև ու սպիտակ ժամանակներ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Գիորգի Մասալկինը՝ ելույթ ունենալով «Կովկաս 2016» գիտաժողովի ժամանակ:
«Այդ ամենը սկսվեց, ավելի շուտ խորացավ, անցած տարվա աշնանը մեր երկրում ոչ լավագույն խորհրդարանական ընտրություններից հետո: Վրաստանի հասարակական-քաղաքական օրակարգի առանձնահատկություններից մեկն օբյեկտիվ իրականության և ընդունվող օրենքների ու օրենսդրական նախաձեռնությունների միջև խորը անդունդն է մնում»,- ընդգծել է նա:
Ըստ նրա, վրացական օրենքներն ընդունվում են բացառապես արտաքին լսարանի համար, քանի որ քաղաքացիական գիտակցություն, որը բնորոշ է, օրինակ, Արևմուտքի մարդկանց, Վրասանի քաղաքացիների մոտ չկա: Քաղաքագետի կարծիքով, իշխանությունը շատ լավ այդ ամենը գիտակցում է՝ համապատասխանաբար, չվախենալով վրացական հասարակության մոբիլիզացիոն հնարավորություններից:
«Բոլորովին վերջերս Եվրոպայում միջազգային համաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել դադարել Վրաստանին հետխորհրդային երկրների շարքին դասել՝ նշելով, որ իր հուսալի ժողովրդավարական ինստիտուտներով Վրաստանն ավելի շուտ մոտ է Արևելյան Եվրոպային: Կարծում եմ, որ Վրաստանի քաղաքական կյանքում ավելի շատ գերիշխում է կառավարման հին մոդելը, ինչն անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո միայն ամրապնդվել է»,- ընդգծել է Մասալկինը:
Նրա կարծիքով, վիզուալ առումով խորհրդային ժառանգությունից Վրաստանում, հնարավոր է, շատ քիչ բան է մնացել, սակայն բովանդակային առումով երկիրը դեռ ապրում է անցյալում: Այս տեսակետից, քաղաքագետի կարծիքով, հակառակ քաղաքական հռետորությանը, եվրոպական հանրությանն ինտեգրման փորձերին՝ Վրաստանը դեռ շատ հեռու է Եվրոպային հասնելու համար: