Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 8 Հունիսի 2017 18:08

Տաթևիկ Շահունյան

Երևան. Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել

Երևան. Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել

Արմինֆո.Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:  

 

«Կցանկանայի հղում կատարել մի հետաքրքիր փաստաթղթի՝ ուղարկված Իտալիայի արտաքին գործերի նախարար Սֆորցային իր դիվանագիտական պատվիրակ պարոն Գորինիի կողմից 1920թ. դեկտեմբերին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Սա նմանօրինակ բազմաթիվ վկայություններից մեկն է միայն: Այդուհանդերձ, 1921թ. Իոսիֆ Ստալինի միանձնյա որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ստիպողաբար ներառվեց Խորհրդային Ադրբեջանի վարչական կառավարման ներքո՝ ինքնավար մարզի կարգավիճակով, մինչդեռ ԼՂ բնակչության 90%-ը հայեր էին: 1988թ. Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր այդ ժամանակ կազմում էին բնակչության ավելի քան 75%-ը, սկսեցին ինքնորոշման խաղաղ շարժում: 1991թ. հանրաքվեի միջոցով Արցախը հռչակեց իր անկախությունը: 1999թ. Եվրոպական խորհրդարանը հատուկ բանաձևով հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը նույն կերպ, ինչպես որ մյուս նախկին խորհրդային հանրապետությունները:

 

Ադրբեջանը արձագանքեց կոտորածներով, էթնիկ զտումներով և շուրջ 400 հազար հայերի տեղահանությամբ: Սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի թեժ փուլն ավարտվեց 1994թ. մայիսին, երբ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին զինադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագիր:

 

Տարիներ շարունակ Ադրբեջանը խախտել է զինադադարը, իսկ 2016թ. ապրիլին քառօրյա լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Այն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով և այլ վայրագություններով, ինչն ակնհայտ փորձ էր՝ ահաբեկելու Արցախի բնակչությանը: Ապրիլյան քառօրյա ռազմական հարձակումը Բաքվի կողմից վերջին տարիներին որդեգրված քաղաքականության գագաթնակետն էր, բայց ոչ դրա ավարտը: Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից և հանրային զայրույթից:

 

1997թ. սկսած հակամարտության կարգավորման միջնորդ են հանդիսանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Քանիցս հանգուցալուծումը մոտ էր, սակայն, վերջին պահին Ադրբեջանը հետքայլեր կատարեց, մասնավորապես, Քի Ուեսթում (ԱՄՆ) 2001թ. և Կազանում՝ (Ռուսաստան) 2011թ.:

 

Վերջին տարիներին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքերի հիման վրա, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել հինգ հայտարարություններով՝ ուրվագծելով, որ հանգուցալուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի երեք առանցքային սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա: Նրանք նաև հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի վերջինիս բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:

 

Համաձայն իր հաստատուն դիրքորոշման՝ Եվրոպական միությունը սատարում է hամանախագահների ջանքերը, ներառյալ՝ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որը ևս մեկ անգամ վերահաստատվեց Ռիգայում ընդունված` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում:

 

Համանախագահներն առաջարկել են այս խնդրի՝ փոխզիջումների վրա հիմնված հանգուցալուծման քաղաքակիրթ ճանապարհ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն այստեղ նույնպես ընդունել է առավելապաշտական, անզիջում դիրքորոշում՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչե, և բացահայտորեն սպառնում է նոր ռազմական գործողություններով՝ այդպիսով պատանդ վերցնելով բանակցային գործընթացը, շանտաժի ենթարկելով և շարունակաբար վարկաբեկելով համանախագահներին:

Ադրբեջանը ջանք չի խնայում՝ տապալելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, որը ներկայումս միակ միջազգային ներկայությունն է հակամարտության գոտում, և զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է ձերբազատվել պայմանավորվածությունները իր կողմից շարունակաբար չկատարելու միջազգային վերահսկողությունից: Այնուամենայնիվ, անգամ կայուն մշտադիտարկման մեխանիզմների բացակայության պայմաններում ակնհայտ է, թե ով է կանգնած խախտումների հետևում, և համանախագահները մատնանշել են Ադրբեջանին՝ որպես հրադադարի խախտումների նախաձեռնողի:

 

Հաշվի առնելով միջազգային ջանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը՝ հասունացել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությունը սանձելու ուղղությամբ:

 

Բանակցություններն այլընտրանք չունեն, և Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, շարունակելու է իր ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Гор Арменян
Либо у вас опечатки, либо Налбандян ошибся не Более 400 армян были насильственно депортированы, а Более 400 тысяч армян были насильственно депортированы

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9745

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի