Արմինֆո. Իրանի ներքին ապակայունացումը լիովին կարող է հանգեցնել դրա նախաձեռնողների համար անկանխատեսելի հետևանքների: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Կես ժամ առաջ պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի մետրոյի «Իմամ Խոմեյնի» կայարանում: Պայթյունի հետևանքով զոհերի կամ տուժածների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան: Սա այսօր առավոտյան արդեն երրորդ միջադեպն է Իրանի մայրաքաղաքում:
«Թեհրանում պայթյունների վերաբերյալ տեղեկություններն առայժմ շատ քիչ են: Այդ լույսի ներքո` առայժմ վաղ է փորձել իրավիճակի խորքային վերլուծություն կատարել, մասնավորապես, փորձել այդ ողբերգությունը կապել Քաթարի շուրջ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, ես ավելի քան համոզված եմ, որ Իրանի ղեկավարությունն ի զորու է ոչ միայն վերահսկել իրավիճակը երկրում, այլև համարժեք պատասխան տալ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության դրսևորմանը», - նշել է նա:
Իրանագետի գնահատմամբ, Իրանում ահաբեկչական գրոհների ոճն ավանդական է և բնորոշ վերջին ժամանակների գրոհների հեղինակներին, սակայն Եվրոպայում կիրառվող ահաբեկչության կիրառումն իրանցիների նկատմամբ, նրա կարծիքով, անհեռանկարային է: Նրա համոզմամբ, որպես տարածաշրջանային գերտերություն, Իրանն, անկասկած, տեղեկատվություն ունի այդ գրոհի պատվիրատուների և նպատակների վերաբերյալ, ուստի պատասխան գործողությունների երկար սպասելու հարկ, նրա կանխատեսմամբ, չի լինի:
«Եվ, վերջապես` գլխավոր հանգամանքը: Իրանում ապակայունացումը կարող է հանգեցնել դրա նախաձեռնողների համար անկանխատեսելի հետևանքների` դուրս գալով երկրի սահմաններից և տարածաշրջանը համակելով անկառավարելի քաոսով: Կարող եմ ասել, որ դրա նախաձեռնողներն ի վիճակի չեն լինելու կառավարել նման քաոսային գործընթացը: Սակայն ես, այնուամենայնիվ, հակված եմ այն մտքին, որ Թեհրանն իրավիճակը կկարգավորի` ինչպես մյուս համանման իրավիճակներում», - ընդգծել փորձագետը:
Ոսկանյանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ կիսում է հայկական ԶԼՄ-ների և փորձագիտական հանրության տագնապն Իրանի իրավիճակի առնչությամբ, քանի որ հարավային հարևանը Հայաստանի կայունության և ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է: Ուստի տագնապը, նրա գնահատմամբ, լիովին հիմնավորված է, սակայն` վաղաժամ, քանի որ Իրանում իրավիճակը, նրա գնահատմամբ, լիովին վերահսկվում է իշխանությունների կողմից: