Արմինֆո. Կանադայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «խոստումը» ֆիլմի ցուցադրությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Կանադայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից, ֆիլմի ցուցադրությանը, որը կազմակերպել էր հայ-կանադական բարեկամության խորհրդարանական խումբը, ներկա են եղել, գործնականում, երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սենատորներ եւ պետական ծառայողներ:
Հիշեցնենք, որ «Խոստումը» պատմական դրաման մեծ էկրան է բարձրացել ապրիլի 27-ին: Դեռ մինչև ցուցադրությունը ֆիլմը դարձել էր քաղաքական շահարկումների եւ սկանդալների առարկա, հարուցել էր վեճեր` գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը:
Ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեկ), նկարիչ Աննա Կեսարյանի (Շառլոտ Լե Բոն) եւ ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմությունը, որը զարգանում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հայ բնակչության բռնի տեղահանության եւ Հայոց ցեղասպանության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ֆոնին:
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ֆիլմն ԱՄՆ կինովարձույթում առաջին հանգստյան օրերին հավաքել էր ընդամենը 4.1 մլն դոլար, մինչդեռ ֆիլմում ներդրվել է 100 մլն դոլար: Rotten Tomatoes կայքում «խոստումը» ֆիլմի վարկանիշը կազմել է 47%: