Արմինֆո.Ֆրանսիան շատ է ափսոսում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման համար: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Մենք ափսոսում ենք և տխրում, ոչ այդպիսի որոշում է կայացվել, քանի որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը կարևոր և հետաքրքիր առաքելություն էր իրականացնունմ: Դա ոչ միայն լավ ու հաջող գործունեություն էր կառավարման ու ժողովրդավարության ոլորտում, այլև ԵԱՀԿ գործունեության ավելի լայն հատված` տնտեսության և այլ բնագավառների առաքելության իրականացում», - ասել է դիվանագետը: Ընդ որում, նա հարգանք և երախտագիտություն է հայտնել կազմակերպության Երևանի գրասենյակի ղեկավար Արգո Ավակովին` այն զգալի աշխատանքի համար, որը նա իրականացրել է:
Դեսպանի ասելով, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ ափսոսում են գրասենյակի փակման համար: «Մայիսի 30-ին Երևանում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, որը հանդիպումներ է անցկացրել Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ: Մանրակրկիտ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները», - եզրափակել է Շարպանտիեն:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակն օգոստոսի 31-ին լիովին կդադարեցնի գործունեությունը: Դա տարածաշրջանում կազմակերպության լիովին գործող վերջին գրասենյակն էր, որի փակման պատճառն Ադրբեջանի կիրառած վետոն էր Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հետագա առաքելության նկատմամբ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն, իր կանոնադրության համաձայն, որոշումները կայացնում է փոխհամաձայնության հիմունքով, և, չնայած այն հանգամանքին, որ անդամ բոլոր երկրները կողմ էին արտահայտվել Երևանի գրասենյակի առաքելության շարունակմանը, Ադրբեջանի վետոն կհանգեցնի Հայաստանում կազմակերպության գրասենյակի փակման: Հավելենք, որ ԵԱՀԿ Ավստրիայի նախագահությունը նույնպես ջանք է գործադրել Երևանում կազմակերպության առաքելությունը շարունակելու ուղղությամբ, սակայն դա չի ազդել Բաքվի որոշման վրա: