Արմինֆո. Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Դիվանագետը հիշեցրել է, որ փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել առաջիկա աշնանը, տևական աշխատանքի և ինտենսիվ բանակցությունների արդյունք է և ներառում է բավականին բովանդակալից օրակարգ: Օգտվելով առիթից` դեսպանն ընդգծել է, որ Ֆրանսիան լուրջ ջանք է գործադրել Հայաստան-ԵՄ բանակցությունների վերսկսման համար, քանի որ այդ համաձայնագրի ստորագրումը կարևոր է` թեկուզ քաղաքական հաշվեկշիռը պահպանելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարել էին Հայաստան-ԵՄ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Մարտի 21-ին Երևանում Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են համընդգրկուն և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիր:
Դեռ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետարքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: Նույն տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարել էին Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: 2016 թվականի հունվարին կայացել էր բանակցությունների առաջին փուլը: