Արմինֆո. Չնայած ԵԱՏՄ անդամությանը` Հայաստանի համար դեպի Եվրոպա ուղին առաջվա նման անայլընտրանք է և անշրջելի, հայտարարել է «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` ելույթ ունենալով Երևանում ընթացող «Հայաստան-ԵՄ հարաբերությունները և դրանց հեռանկարները» խորհրդաժողովում:
«Որոշ հայ քաղաքական գործիչներ, փորձելով հիմնավորել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստը, հայտարարում էին, թե հանրապետությունը դրա նկատմամբ այլընտրանք չունի: Նաև պնդում էին, թե ԵԱՏՄ անդամակցումը խոչընդոտ չէ ԵՄ հետ առևտրի և տնտեսական համագործակցության համար: Նաև փորձում էին ԵԱՏՄ ներկայացնել որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր: Վստահությամբ կարող եմ ասել, որ բոլոր երեք պնդումները կեղծ դուրս եկան և վերաբերում են առասպելների բնագավառին», - հայտարարել է նա:
Մարուքյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամությունը կապել է Հայաստանի ձեռքերը, քանի որ Երևանն այսուհետև հնարավորություն չունի ինքնուրույն տնտեսական համագործակցության շուրջ պայմանագրեր ստորագրել, ինչպես դա արեցին, օրինակ, վերջերս` Վրաստանն ու Չինաստանը, այլ միայն` ԵԱՏՄ շրջանակում: Իսկ ԵԱՏՄ նկատմամբ այլընտրանքը Հայաստանի համար, նրա գնահատմամբ, եղել և մնում է Եվրամիության հետ ինտեգրումը: Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա, օրինակ, միայն Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալն զգալիորեն աճել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Եվ նախորդ տարվա թեժ ապրիլը , Մարուքյանի կարծիքով, վերջնականապես հողմացրիվ արեց վերջին առասպելը:
«Հայաստանի անվտանգությունն ի զորու է ապահովել բացառապես ինքը` Հայաստանը: Եվ միամտություն է ակնկալել, թե այն կապահովի որևէ մեկ ուրիշը: Իսկ դրա համար Հայաստանին անհրաժեշտ է հզոր, ազատական տնտեսություն, որն, իր հերթին, ի զորու է դադարեցնել միգրացիան և նպաստել քաղաքացիների վերադարձին Հայաստան: Եվ դա կարելի է անել բացառապես մեկ տրամաբանության շրջանակում` ընթանալով Եվրոպայի ուղղությամբ», - ամփոփել է խորհրդարանականը: