Արմինֆո.«Խաղաղության պլատֆորմի» շուրջ պատմութան վրա կարելի է միայն ծիծաղել, գտնում է ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
«Ես սրտանց կծիծաղեի այդ ողջ պատմության վրա, եթե չլիներ այն սարսափը, որ հիմա տիրում է բանակում և ճակատամերձ շրջաններում ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ, որոնց սպանում են առանց դատ ու դատաստանի՝ միայն «Հայաստանի օգտին լրտեսության» կասկածանքով»,- նշել է նա:
Մայիսի 27-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պլատֆորմի» նախաձեռնողներից մեկը՝ Վահան Մարտիրոսյանը, Youtube-ում տեսաուղերձ է հրապարակել, որում խիստ քննադատության է ենթարկում հիշյալ նախաձեռնույթունը և հանդես եկել «Ալիևի ռեժիմի» հասցեին մեղադրանքներով:
«Վերջին ժամանակներս Ադրբեջանի իշխանությունները հիստերիկ արշավ են սկսել՝ «հայ լրտեսներ» փնտրելով հասարակությունում, հետո նաև բանակում, ինչից հետո առանց դատ ու դատաստանի սպանել են 8 մարդու, իսկ շատերին վիրավորական պիտակներ կպցրել: Այս պայմաններում մի խումբ հայեր նույն իշխանությունների հրավերով եկել են Ադրբեջան: Նրանք ապրել են Բաքվում, Վահան Մարտիրոսյանը տեղափոխել է ընտանիքին, բնակարան ստացել Բաքվի հեղինակավոր թաղամասում, և այդ ամենն ադրբեջանցի հարկատուների հաշվին: Ինչից հետո հանգիստ հեռացել է՝ շփոթվածության մեջ թողնելով նրանց»,- նշել է Յունուսովը:
Կոնֆլիկտաբանը հիշեցրել է, որ հայերի Բաքու մեկնելու մասին առաջին իսկ տեղեկությունների դեպքում բլեֆ և անհեթեթություն է որակել «պլատֆորմը», որը որևէ առնչություն չունի «ժողովրդական դիվանագիտության» հետ, սակայն շատերն այդ ժամանակ նրան չեն հավատացել: Նա գտնում է, որ ամբողջովին քարոզչական «Խաղաղության պլատֆորմին» իշխանությունները հսկայական միջոցներ են ուղղել, ըստ որում՝որոշակի մասը սեփական գրպանը դնելով:
2015 թ.սեպտեմբերին քաղաքական ակտիվիստ ներկայացող Վահան Մարտիրոսյանը քաղաքական ապաստարան է խնդրել Ադրբեջանում՝ իր անձնական անվտանգությունը և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Մինչ այդ նա իրեն ծեծի ենթարկելու մեջ է մեղադրել հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներին: Դրանից հետո Մարտիրոսյանը մինչև վերջերս աշխատում էր ադրբեջանական քարոզչամեքենայի համար: